Պտղատու այգիների մշակում



Պտղատու բույսերի տեղի ընտրությունը


Պտղատու բույսերը լավ աճում են կավավազային կամ ավազակավային մեխանիկական կազմ ունեցող հողերում: Տեղի ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ վայրում ստորգետնյա ջրերի բարձրության մակարդակը (վերջինս պետք է հողի մակերեսից գտնվի առնվազն 2-2,5մ խորության վրա): Քարքարոտ, կիսաանապատային հողերում, որոնք վատ կառուցվածքի են, հողաշերտը սակավազոր է և պարունակում են մեծ քանակությամբ քարեր, առաջին հերթին պետք է մաքրել և հեռացնել մակերեսային քարերը, եթե առկա է ցեմենտացած շերտ, պարտադիր ջարդել և վերացնել, որից հետո կատարել խոր վար, հավաքել և հողամասից հեռացնել խորքային քարերը, այնուհետև հողամասը հարթեցնել և պարարտացնել 40-60տ օրգանական պարարտանյութով 1 հեկտարի հաշվով:



Սնման մակերեսի սահմանումը



Պտղատու բույսերին տնկման խտությունը կախված է տեսակների և սորտերի աճի բնույթից, հողակլիմայական պայմաններից, պտղատու ծառերի պատվաստակալից, հողամասի մեծությունից և այլն:



Ծառատնկման փոսերի նախապատրաստումը



Փոսերը պտղատու ծառերի արմատային սիստեմի համար ժամանակավոր ապաստարան են: Որքան փոսերը խոր և լայն են պատրաստվում, այնքան ծառերի կպչողականությունը բարձր է լինում: Փոսերը պետք է պատրաստել տնկումները կատարելուց առնվազն 1-1,5 ամիս առաջ, այդ պատճառով գարնանային տնկումների դեպքում այն պետք է փորվի դեռևս աշնանը: Փոսերը փորվում են կլորավուն, դեպի ներքև թեք պատերով: Հնդավորների տնկման համար փոսերը պետք է լինեն մինչև 100-125 սմ լայնությամբ և 70-80 սմ խորությամբ, իսկ կորիզավորների համար` մինչև 70-80 սմ լայնությամբ և 50-60 սմ խորությամբ: Փոսերից յուրաքանչյուրին պետք է լցնել 8-10 կգ օրգանական պարարտայութ: Իսկ քարքարոտ և աղքատ հողերում հողի հետ խառնվող պարարտանյութի քանակը անհրաժեշտ է հասցնել 15-20 կգ-ի:



Տնկանյութի ընտրությունը



Տնկման համար ընտրված տնկանյութը պետք է ունենա առողջ, շուրջ 30սմ երկարությամբ, մազարմատներով պատված 3-4 կմախքային արմատներ, 3-4 զարգացած կմախքային ճյուղեր և մեկ կենտրոնական ուղեկցող: Հնդավոր տեսակների տնկիները պետք է լինեն երկու տարեկան, իսկ կորիզավորներինը` մեկ: Որքան տնկիները երիտասարդ են, այնքան ավելի բարձր է նրանց կպչողականությունը: Տնկելուց անմիջապես առաջ անհրաժեշտ է կատարել տնկիների ստուգումը: Եթե այն որոշ չափով չորացել կամ կորցրել է թարմությունը` 1-2 օր արմատները պահել ջրի մեջ: Այնուհետև այգու դանակով անհրաժեշտ է կտրել հեռացնել արմատների հիվանդ ու չորացած մասերը, իսկ առողջների ծայրերը կարելի է թեթև թարմացնել: Տնկելու ժամանակ պետք է կարճացնել նաև տնկիների վերգետնյա մասը, կտրելով կմախքային ճյուղերի 1/3 մասը:



Տնկման ժամկետները



Պտղատու բույսերը կարելի է տնկել ինչպես աշնանը, այնպես էլ գարնանը: Ցածրադիր գոտում աշնան տնկումները կատարվում են հոկտեմբերի վերջերից մինչև նոյեմբերի երկրորդ կեսը, իսկ նախալեռնային և լեռնային գոտիներում հոկտեմբերի սկզբից մինչև նոյեմբերի սկիզբը, այսինքն, տվյալ վայրում կայուն սառնամանիքները սկսվելուց առնվազն 15-20 օր առաջ:
Գարնանային տնկումներն այս կամ այն վայրում սկսելու ժամկետը կախված է տվյալ տարվա կլիմայի պայմաններից. այն պետք է սկսել հողի քեշի գալու ժամանակ:



Տնկման տեխնիկան



Տնկումները պետք է կատարել 2 հոգով. մեկը տնկին իջեցնում է նախօրոք, 2/3 մասով, հողախառնուրդով լցված փոսի մեջ և արմատները ուղղում հողաթմբի վրա, իսկ մյուսը վերևի պարարտ հողը լցնում է արմատների վրա, մինչև փոսի բերանը և ոտքով հողը սեղմում այնպես, որ ձախ ձեռքով քաշելիս տնկին դուրս չգա և արմատավզիկը հողի մակերեսից լինի 2-5սմ խոր, որպեսզի հողի նստելուց հետո լինի նրա մակերեսին հավասար: Տնկումն ավարտելուց հետո բների շուրջը անհրաժեշտ է պատրաստել բաժակներ և անմիջապես ջրել յուրաքանչյուր տնկուն տալով 2-3 դույլ ջուր: Հողի մակերեսից գոլորշիացումը կանխելու նպատակով ցանկալի է բնի շուրջը մուլչապատել ծղոտով, օրգանական պարարտանյութով, տորֆով կամ հրաբխային խարամով:



Պտղատու բույսերի բազմացման եղանակները



Պտղատու բույսերը կարելի է բազմացնել սերմերով և վեգետատիվ եղանակով: Սերմերով բազմացման ժամանակ սորտերը չեն պահպանում իրենց հատկությունները:
Բազմացման այս եղանակը օգտագործվում է պատվաստակալների աճեցման և նոր սորտերի ստացման (սելեկցիայում) համար: Գործնականում պտղատու բույսերը բազմացվում են վեգետատիվ ճանապարհով (յուրարմատ և պատվաստված): Յուրարմատ բույսեր կարելի է ստանալ կտրոններով, անդալիսով և արմատային մացառներով: Կտրոններով բազմացվում են հիմնականում նռնենին, թզենին և սերկևիլենին: Պտղատու ծառատեսակները հիմնականում բազմացվում են պատվաստների միջոցով, նախօրոք աճեցված վայրի տեսակների սերմնաբույսերի կամ վեգետատիվ ճանապարհով ստացված պատվաստակալների /մացառներ/ վրա: Օգտագործում են պատվաստի երկու եղանակ` աչքապատվաստ և կտրոնապատվաստ:



Պտղատու ծառերի էտը



Եթե օդի ջերմաստիճանը բարձր է 3°C-5°C-ը, և տեղումներ չկան, պետք է կատարել պտղատու այգիների առաջին կանխարգելիչ բուժումը: Այն պետք է ավարտել մինչև բողբոջների ուռչելը:
Պտղատու ծառերի էտը պայմանականորեն բաժանվում է.



Նոսրացում։
Հիմքից հետևում է սաղարթի ներսը խտացող, իրար խանգարող ճյուղերը, կամ շիվերը ամբողջապես: Կտրած տեղում պետք է մնա միայն կտրվածքի օղակը։ Նոսրացվում են ուղղահայ աց, ոչ հարմար դիրք ունեցող եղջյուրանման, ձևավորման համար ոչ պիտանի հոռաշիվերն ու ճյուղերը, ինչպես նաև չորուկները։



Կարճացում:
Հեռացվում է ճկուղի կամ շիվի մի մասը, ընդ որում ուղղահայացի նկատմամբ մինչև 30 աստիճան թեքված շիվերը կարճացվում են 30-33սմ երկարությամբ, մնացածին ձեռք չի տրվում, կախված և բերքազրկված ճյուղերը կարճացվում են բերքատու տարում:



Սաղարթի իջեցում։
Ծառի բնի պարագծի տասնապատիկ մեծությունը կազմում է բարձրություն։ Եթե ծառի կենտրոնական ուղեկցողի բարձրությունը տվյալ հաշվարկի սահմաններից բարձր է, պետք է այն իջեցնել։ Սաղարթի չափերի սահմնափակում: Շարքի լայնությունը չպետք է գերազանցի 2,5-2,8 մետրից, իսկ առանձին աճող ծառերի սաղարթի տրամագիծը նրա բարձրությունից։



Երիտասարդացում:
Ոչ բավարար ագրոտեխնիկայի և հաճախակի բերքով գերծանրաբեռնվածության պայմաններում 20-25 տարեկան հասակում միանգամից դադարում է ծառի աճն ու ընկնում է պտուղների որակը: Նման դեպքերում 4-6 տարին մեկ անգամ պետք է կատարել երիտասարդացման էտ: Սկզբում պետք է նոսրացնել սաղարթի ներսը և ապա կարճացնել նաև բազմամյա ճյուղերը:

Կմախքային և կիսակմախքային ճյուղերը հատում են մեկ տարեկան աճի 30-40սմ վրա, եթե երիտասարդ շիվեր չկան, ապա պետք է հատել լավ զարգացած պտղաբողբոջին մոտ ճյուղերը։ Դրա շնորհիվ հաջորղ տարիներին ձևավորվում և թարմանում է ծառի սաղարթը, սկսվում է նրա երկրորդ երիտասարդությունը:

Սաղարթի իջեցման ժամանակ էտում են 3-5 տարեկան ճյուղերը։ Պետք է պարտադիր կարգով հեռացվեն կմախքային ճյուղերի թեքման տեղում աճող շիվերը, սաղարթը, խտացնող մեխանիկական կամ այլ վնասված շիվերը: Հեռացումը կատարվում է այնպես, որ պահպանվի ճյուղի հիմքի օղակը:

Էտից առաջացած 2սմ-ից մեծ վերքերը պետք է նույն օրը փակել այգու մածիկով կամ յուղաներկով:

Ծառի էտի ձևավորման աշխատանքները կատարելիս խստիվ արգելվում է ծառ բարձրանալ, քանի որ անզգույշ շարժումների հետևանքով ոչնչանում են մեծ քանակությամբ պտղաբողբոջներ: Էտը ուժեղացնում է ծառի ընդհանուր աճը նպատակահարմար է չորացած ծառերը քանդել և տեղը հիմնադրել նորերը: Ծառերի երիտասարդացման ժամանակ պետք է ուժեղացնել այգու հողի մշակության, ոռոգման պարարտացման աշխատանքները, հակառակ դեպքում այն կբերի բացասական հետևանքների: Եթե չգիտեք էտի ճիշտ տեխնիկան, հրավիրեք մասնագետի:



Ցրտից վնասված ծառերի խնամքը



Ձմեռային ցրտերից և սառնամանիքներից տուժում է պտղատու ծառերի ոչ միայն բերքը, այլև բունը, կմախքային ճյուղերը, միամյա աճերն ու բողբոջները: Ցրտահարված պտղատուների վերականգնումը շատ բարդ պրոցես է: Սննդարար անոթների վնասվելու հետևանքով` խաթարվում է պտղատուների վերգետնյա մասերի և արմատային համակարգի սնվելը: Սակայն պտղատուների առանձին օրգանների և հյուսվածքների մահացումը ցրտահարությունից կատարվում է աստիճանաբար և հաճախ տևում է 2-3 տարի: Այս ընթացքում մահացման հետ մեկտեղ, տեղի է ունենում նաև վերականգնողական պրոցես: Այս պրոցեսի արագացման տեսակետից շատ կարևոր են պտղատուների էտման, արմատային և արտարմատային սնուցման, ոռոգման, բուժման, ագրոտեխնիկական միջոցառումների ինտենսիվացման աշխատանքները:



Ոռոգում, Բուժում, Ագրոմիջոցառումներ:



Վաղ գարնանը և վեգետացիայի ընթացքում, մինչև ամառվա կեսը կատարել ցրտահարված պտուղների առատ ոռոգում:
Վեգետացիայի ընթացքում հիվանդությունների և վնասատուների դեմ կանոնավոր բուժման աշխատանքների կազմակերպում: Մերձբնային բաժակներում հողի փխրեցում և մոլախոտների դեմ պայքար: