ՀՀ-ում հանդիպում է տանձենիների 16 տեսակ կովկասյան, սուր սղոցանման, Թախտաջյանի, ուռատերև, սիրիական և այլ տանձենիներ՝ տարածված Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում: Մեծ թիվ են կազմում նաև տանձենու բնաշխարհիկ (Զանգեզուրի, խոնարհված, բարձր) տեսակները՝ հիմնականում Սյունիքի մարզում: ՀՀ բոլոր մարզերում մշակության մեջ տարածված է սովորական տանձենին, որն Արարատյան նախալեռնային, հյուսիսարևելյան, Զանգեզուրի, Լոռի-Փամբակի գյուղատնտեսական գոտիներում առաջացնում է ինքնուրույն համակեցություններ՝ տանձուտներ: Բոլոր սորտերն ըստ հասունացման և օգտագործման ժամկետների բաժանվում են 3 խմբի՝ ամառային, աշնանային և ձմեռային:
Ցողունը (բարձրությունը՝ 2–20մ) ճեղքվածքավոր է, մուգ մոխրագույն, ճյուղերը՝ մոխրագույն, կարմրավուն կամ դեղնավուն, հարթ՝ ոսպահատիկներով պատված, սաղարթը սեղմված բրգաձև է՝ խիտ ճյուղավորվող: Տերևները ձվաձև են, երկարավուն, եզրերը՝ մանր ատամնավոր: Ծաղկաբույլը վահանիկ է, ծաղիկները երկսեռ են, խոշոր, սպիտակ, երբեմն՝ բաց վարդագույն՝ հավաքված ծաղկաբույլերում (5–15-ական): Պտղամիսը բարձրորակ է, նուրբ, հաճելի համով: Սերմերը մանր են, սևավուն: Երկարակյաց է, ապրում է մինչև 200, ՀՀ-ում՝ 100–150 տարի: Յուրաքանչյուր ծառի բերքատվությունը 30–300 (երբեմն՝ 1000) կգ է:
Պտուղները պարունակում են շաքարներ, թթուներ, աղաղանյութեր, A, B, C վիտամիններ:
Օգտագործվում են թարմ և վերամշակված:
Մշակվում են Մալաչա, Սինի, Կարմրենի, Ձմեռնուկ, եվրոպական ծագում ունեցող՝ Վիլյամս ամառային, Անտառային գեղեցկուհի, Բերե Բոսկ, Բերե Արդանպոն, Օլիվիե դը Մեր, Նելիս ձմեռային և այլ սորտեր: Որոշ տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: