Նռնենին նռնազգիների ընտանիքի տերևաթափ պտղատու թուփ է կամ ոչ մեծ ծառ: Աճում է Աֆղանստանում, Հնդկաստանում, Իրանում, Թուրքիայում, Ղրիմում, Ադրբեջանում, Միջին Ասիայում, Միջերկրական ծովի ափերին: ՀՀ-ում տարածված է Սյունիքի (Մեղրի, Գորիս) և Լոռու (Ալավերդի-Ախթալա) մարզերում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Աճում է գետափերին, գետերի չորացած հուներում, կիրճերում, խճոտ և կավոտ լանջերին, նախալեռներում, նոսրանտառներում:
ՀՀ-ում մշակվում է սովորական նռնենին: Բնի բարձրությունը մինչև 5 մ է: Տերևները կաշեկերպ են, փայլուն, նշտարաձև կամ երկարավուն, ամբողջաեզր: Ծաղիկները երկսեռ են, մեկական կամ փնջերով, վառ կարմիր: Պտուղը հատապտղանման է` գնդաձև, հաստ պտղամաշկով, բարակ թաղանթավոր միջնապատերով: Սերմերը բազմաթիվ են
(ըստ ավանդության՝ 365 հատ)՝ պատված բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն (քաղցր, թթվաշաքաղցր) հյութալի շերտով: Պտուղն օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ), ինչպես նաև բուժիչ նպատակներով, իսկ կեղևի եփուկը կամ թուրմը՝ որպես ճիճվամուղ միջոց: Տերևը, արմատը և բնի կեղևը պարունակում են 25–32% աղաղանյութեր: Օգտագործվում են նուրբ կաշիների աղաղման և ներկերի պատրաստման համար: Գեղազարդիչ է:
Չորասեր է: Կարող է ընտրասերման հումք լինել չորա- և ցրտադիմացկուն սորտեր ստանալու համար: