Ալոճենու մշակում

ԱԼՈՃԵՆԻ

Ալոճենին ունի մանր, հյութալի, կարմիր կամ սև պտուղներ, որոնք սննդի մեջ օգտագործվում են թարմ և չորացրած: Ծաղիկներն ունեն տհաճ հոտ: Որոշ տեսակների պտուղների և ծաղիկների թուրմից պատրաստում են սրտամկանը տոնուսավորող, արյան ճնշումն իջեցնող և նյարդային համակարգը հանգստացնող պատրաստուկներ, իսկ կեղևից ստացվում են աղաղանյութեր և կարմրադարչնագույն ներկ: Որոշ տեսակներ գեղազարդիչ են. օգտագործվում են կանաչ ցանկապատերի համար:
Շատ փոքրիկ թռչունները հաճախ իրենց բույնը հյուսում են ալոճենու ճյուղերին, քանի որ ալոճենին փշերով պաշտպանում և պատսպարում է իր ճյուղերի մեջ թշնամիներից թաքնվողներին. փոքրիկ թռչնակը կարող է ազատ թռչել փշոտ ճյուղերի միջով, և եթե ավելի խոշորամարմին կամ դանդաղաշարժ մեկը (կատու, ագռավ կամ բու) ցանկանա ավերել բները, փշերը կպատժեն նրան:
Բնափայտն ամուր է, օգտագործվում է զանազան առարկաներ պատրաստելու համար: Ալոճենին նաև մեղրատու բույս է:
Պոնտական ալոճենին հազվագյուտ տեսակ է, հանդիպում է Խոսրովի անտառ արգելոցում, Ուրցաձորում՝ կաղնու և գիհու նոսր անտառներում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: