Խաղողի վազը կարող է աճել թեք լանջերում, կոշտ կմախքային հողերում, սննդանյութերով աղքատ, ավազային, քարքարոտ, ծանր, ղըռ հողերում և այլն: Այն չի աճում միայն ճահճոտ և աղուտ հողերում: Խաղողի բոլոր սորտերն ուժեղ աճում և բարձր բերք են տալիս հումուսով հարուստ, կուլտուր-ոռոգելի թեթև ստրուկտուրային ու հզոր վարելաշերտ ունեցող, խոնավությամբ ապահովված հողերում: Այգին պետք է հիմնել 1-2 տարեկան կենսունակ արմատակալներով:
Շարքերում վազերը դասավորվում են` շախմատաձև, շարքային, քառակուսի:
Սորտերը
Ըստ տնտեսական նշանակության՝ տարբերում են խաղողի՝ գինու, սեղանի և քիշմիշի, ըստ հասունացման ժամկետների՝ գերվաղահաս, վաղահաս, միջահաս, ուշահաս և առավել ուշահաս սորտեր։
ՀՀ-ում, ըստ բնական գոտիների, շրջանացված են խաղողի 30 տեղական և 9 բերովի սորտեր, որոնցից 18-ը՝ սեղանի (Սպիտակ արաքսենի, Սպիտակ և Սև սաթենի, Դեղին և Վարդագույն Երևանի, Սև քիշմիշ, Նազելի և այլն), 21-ը՝ գինու (Ոսկեհատ, Գառան դմակ, Սև Արենի, Մսխալի և այլն)։