Ծիրանենին միատուն բույս է: Բարձրությունը 6–12 մ է: Տերևները խոշոր են, կլորավուն կամ լայն էլիպսաձև, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ կամ բաց վարդագույն, փոշոտումը՝ խաչաձև: Պտուղը մսոտ, հյութալի կորիզապտուղ է՝ տարբեր ձևերի և մեծության, զանգվածը՝ 20–120 գ: Օգտագործվում է թարմ և վերամշակված. պատրաստում են չիր, կոմպոտ, մուրաբա, հյութ, ջեմ, պովիդլո, օղի և այլն: Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, վիտամիններ, բուրավետ և կենսաբանորեն ակտիվ նյութեր: Մշակովի տեսակների մեծ մասի կորիզի միջուկը քաղցր է: Հայաստանի պայմաններում պտուղները հասունանում են հունիսի 15-ից օգոստոսի 20-ը: Ծիրանենին ՀՀ-ում մշակվող հիմնական և առաջատար պտղատու տեսակն է (մշակվում է 50 տեսակ): Այգիները հիմնականում կենտրոնացված են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում: Փոքր այգիներ կան նաև Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում: Առավել տարածված են Նախիջևանի կարմիր, Երևանի, Սաթենի, Խոսրովենի, Օրդուբադի, Համբան, Ղևոնդի տեսակները: Ընտրասերման միջոցով ստեղծվել են Արագածի, Արարատի, Նաիրիի, Վասպուրականի, Օշականի, Ոսկի, Մասիս, Վաղահաս վարդագույն նոր տեսակները: