Խնձորենու մշակում

ԽՆՁՈՐԵՆԻ

Խնձորենին պատկանում է վարդազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի և թփերի ցեղին: Հայտնի է ավելի քան 30 տեսակ՝ տարածված Հյուսիսային կիսագնդի տաք գոտում: Առավել տարածված են սովորական, անտառային, արևելյան, ցածրաճ, սիբիրական և չինական տեսակները: Խնձորենու հայրենիքը համարում են Կովկասը և Միջին Ասիան: Սակայն, հավանաբար, եղել են նաև ընտանեցման ուրիշ օջախներ, քանի որ երկրագնդի շատ շրջաններում աճում են վայրի խնձորենու բազմաթիվ տեսակներ, որոնցից ստացվել է ավելի քան 20 հզ. սորտ:
ՀՀ-ում տարածված է արևելյան կամ կովկասյան վայրի խնձորենին. աճում է բոլոր մարզերի անտառներում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: Ամենուր մշակվում է սովորական խնձորենին՝ բազմաթիվ սորտերով:
Մշակովի խնձորենու բարձրությունը մինչև 20 մ է, սաղարթը՝ լայն բրգաձև: Տերևները կոթունավոր են, պարզ, ատամնաեզր, թավոտ կամ անթավ: Ծաղկաբույլը կիսահովանոց է կամ վահանիկ, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, վարդագույն, կարմիր և այլ գույների: Պտղի զանգվածը 30-500 (600) գ է: Ծաղկում է ապրիլ-մայիսին:
Հնագույն ժամանակներից խնձորը համարվել է արժեքավոր բուժական սնունդ. պարունակում է մինչև 16 % շաքար (գերակշռում է պտղաշաքարը), պեկտին, օրգանական թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու), C, B, E, PP, P, K վիտամիններ, կարոտին (A- նախավիտամին), երկաթի, մանգանի, կալիումի, նատրիումի, կալցիումի և այլ աղեր, խնձորին անկրկնելի բույր տվող եթերայուղ: Խնձորի մեջ պարունակվող պեկտինային նյութերն օժտված են թունավոր միացությունները, այդ թվում ծանր մետաղների (կապար, նիկել, կոբալտ) աղերն օրգանիզմից հեռացնելու հատկությամբ: Խնձորը լավացնում է մարսողությունը, արյունաստեղծումը, ավելացնում լեղարտադրությունը, փափկացնում հազը: Այն առաջարկում են նաև որպես լուծողական և միզամուղ միջոց:
Խնձորի ցածր կալորիականությունը հնարավորություն է տալիս ճարպակալման ժամանակ այն օգտագործել բուժական սննդի մեջ (օրաբաժնում կարելի է ուտել մինչև 2 կգ): Խնձորն օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, շաքարաչիր, կոմպոտ, ջեմ, պովիդլո, պաստեղ, դոնդող, հյութ, գինի, օղի, քացախ և այլն): Հայտնի է «Սիդր» խնձորի փրփրուն գինին, իսկ Արևմուտքի մի շարք երկրներում՝ «Կալվադոսը» (խնձորի ավելի թունդ խմիչք): Խնձորենու կեղևը պարունակում է ներկանյութ: Խնձորենին ցրտադիմացկուն է, խոնավասեր, հողի նկատմամբ՝ պահանջկոտ: Բազմանում է սերմերով, կոճղային և արմատային մացառներով, պատվաստով: Ապրում է 120–300 տարի: Գեղազարդիչ է և մեղրատու: