Արքայանարնջի մշակում

ԱՐՔԱՅԱՆԱՐԻՆՋ ՀԱՅԿԱԿԱՆ

Խուրման էբենածաղկավորների կարգի, էբենազգիների ընտանիքի տերևաթափ ծառ է։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
15- 20 մ բարձրությամբ, կլորավուն կամ բրգաձև, սլացիկ սաղարթով և մինչև 35-50, երբեմն՝ 100 սմ բնի տրամագծով։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մուգ մոխրագույն է, ճաքճքված։ Երիտասարդ ճյուղերը դեղնադարչնագույն են կամ բաց դեղնավուն, սպիտակ, նշտարաձև ոսպնյակներով ծածկված։ Միամյա ընձյուղները կանաչավուն են, մերկ կամ ծածկված մոխրագույն աղվամազով։ Բողբոջները ձվաձև-նշտարաձև են։
Տերևները ամուր թաղանթանման են, երկարավուն-էլիպսաձևից մինչև լայն նշտարաձև և լայն էլիպսաձև, լայն սեպաձև կամ կլորավուն հիմքով, սրածայր կամ միանգամից սրացող գագաթով, 5-14 սմ երկարությամբ և 2,5-6 սմ լայնությամբ, ալիքաձև եզրերով, վերևի կողմից վառ կանաչավուն և թեթևակի փայլուն, մերկ կամ ծածկված ցրված մազմզուկներով, ներքևի կողմից ավելի բաց գույնի, մոխրականաչավուն և ծածկված նոսր մազմզուկներով, հատկապես խոշոր ջղերի ուղղությամբ, երբեմն բոլորովին մերկ։ Տերևակոթունները կարճ են, հաստ, ծածկված խիտ մազմզուկներով, 1-1,5 սմ երկարությամբ։ Բացվում են ապրիլին և թափվում են առանց գույնը փոխելու։ Ծաղիկները գրեթե նստադիր են, 4, երբեմն՝ 5 անդամանի, կանոնավոր, բաժանասեռ (այս դեպքում ծառերը երկտուն են), առէջայինները 2-5-ական, հավաքված կիսահովանոցներում, մանր,
2—3 (5) մմ երկարությամբ, կանաչ բաժակով, լայն եռանկյունաձև, սուր բլթակներով։
Պտուղը գնդաձև, մանր, 0,8 —1,6 սմ տրամագծով, 2—8 սերմերով, մսալի հատապտուղ է, որը սկզբում կանաչ է, այնուհետև ստանում է բաց նարնջագույն և հասունանալիս կապտասևավուն գունավորում՝ կապույտ խավով։ Սերմերը կիսալուսնաձև են, մինչև 1,1 սմ երկարությամբ և 0,6 սմ լայնությամբ, տափակ են, մուգ դարչնագույն, հարթ, փայլուն։ Ծաղկում է մայիսին և հունիսի սկզբին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Չնայած ցուրտ և երկարատև ձմռան հետևանքով երբեմն լուրջ ցրտահարվում է (ոչնչանում է նույնիսկ բազմամյա ճյուղերի մի մասը), այնուամենայնիվ, սաղարթը վերականգնվում է, առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Լավ է աճում նաև Զանգեզուրի ցածրադիր գոտում և Մեղրիում: Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, շատ խոնավասեր է և ջերմասեր։ Խիստ ցրտահարվում է
-20-ից -25 °C սառնամանիքների դեպքում։ Լավ է բազմանում ինքնացանով։
Տալիս է առատ արմատային մացառներ, որի շնորհիվ մեծ հեռանկարներ ունի ցածրադիր գոտու հակաէրոզիոն տնկարկներում օգտագործելու համար։ Ապրում է 200-250 տարի։ Պտուղները մոտ 40% շաքար են պարունակում, տերևները աշնանը պարունակում են 1600—3200 միլիգրամ/տոկոս վիտամին C : Մինչև պտղաբերելը արագ է աճում (սեզոնում 0,5 —1,5 մ)։ Արմատային համակարգը մակերեսային է, խիստ ճյուղավորված, որի շնորհիվ միանգամայն հողմադիմացկուն է։ Հզոր հողերում խոր գնացող առանցքային արմատային համակարգ է առաջացնում։ Գեղեցիկ, սլացիկ ծառ է, միանգամայն պիտանի կանաչապատման բնագավառում օգտագործելու համար։ Կովկասյան խուրմայի ամուր, ճկուն, դեղին գույնի բնափայտը, որը հայտնի է որպես «կանաչ էբենափայտ», լավ է փայլեցվում, հեշտությամբ է մշակվում, օգտագործվում է ատաղձագործության մեջ և խառատային գործում։