Ծխախոտի սածիլների դաշտ տեղափոխելու լավագույն ժամկետն է, երբ հողում ջերմությունը հասնում է 10-12C-ի: Մանրատերև սորտերը (Սամսուններ) սածիլվում են 60սմ միջշարային և 15-18սմ միջբուսային տարածությամբ, միջին մեծության տերև (Տրապեզոնդ) ունեցողները՝ 60x18-22, իսկ խոշորատերևները (Օստրոլիստ)` 70x25-30 սխեմայով: Վեգետացիայի ընթացքոմ ծխախոտի պլանտացիաները պետք է քաղհանել, փխրեցնել, սնուցել, ոռոգել, ծաղկատել և պայքարել նկատված հիվանդությունների ու վնասատուների դեմ: Առաջին փխրեցումը կատարվում է սածիլումից 8-10 օր հետո՝ 5-6սմ խորությամբ, իսկ մնացածները՝ 10-15 օր ընդմիջումներով՝ 8-10սմ խորությամբ, 3-4 անգամ: Երկրորդ քաղհան-փխրեցման ժամանակ կատարվում է առաջին սնուցումը, երկրորդ անգամ՝ բույսերի կոկոնակալման նախօրյակին: Ծխախոտը անհրաժեշտ է ջրել ակոսներով, 3-10 անգամ, ըստ բույսի պահանջի: Ծաղկման ժամանակ հեռացվում է բույսի ծաղկափթթությունը, երբ բացվում է առաջին ծաղիկը, իսկ բճատման դեպքում՝ գլխավոր ցողունի տերևածոցերից դուրս եկած կողային ճյուղավորությունները, երբ դրանք ունենում են 8-10սմ երկարություն: