Ծնեբեկը բազմամյա մշակաբույս է: Պատկանում է շուշանազգիների ընտանիքին: Վայրի վիճակում տարածված է Արարատյան հարթավայրում և հյուսիս-արևելյան շրջաններում: Օգտագործում են ծնեբեկի կոճղարմատների բողբոջներից առաջացող հյութալի և համեղ մատղաշ ընձյուղները, որոնք հարուստ են սննդանյութերով, հանքային աղերով և վիտամիններով: Այս մշակաբույսը օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ: Այն համարվում է որպես միզամուղ, աղիների աշխատանքը կարգավորող, լյարդային, երիկամային հիվանդությունները բուժող միջոց: Ծնեբեկը նույն տեղում մնում է 15-20 տարի։
Ծնեբեկի սերմերը ունեն շատ կարծր կեղև և ծլում են շատ դժվար, դրա համար ցանելուց առաջ 5-6 օր թրջում են 30C-35C ջրում, ամեն օր փոխելով ջուրը: Բարձրորակ սածիլներ ստանալու համար անհրաժեշտ է 1-2 անգամ բույսերը սնուցել: Լավ մշակման դեպքում ծնեբեկի սածիլները երկրորդ տարվա աշնանը պատրաստ են հիմնական տեղում տնկելու համար: Ծնեբեկի մատղաշ բույսերը, աշնան ցրտերը ընկնելուց հետո, անհրաժեշտ է բույսերի վերգետնյա մասերը հեռացնել և ծածկել օրգանական պարարտանյութի 2-3սմ հաստության շերտով: Ծնեբեկի 2 տարեկան սածիլները կարելի է դաշտ փոխադրել և աշնանը և վաղ գարնանը, երբ նրա բողբոջները դեռ չեն արթնացել: Տնկելու համար պիտանի սածիլները պետք է ունենան 5-7 զարգացած ընձյուղներ և փարթամ արմատային համակարգ: Մեկ հեկտար հողատարածքում տնկում են 30-40 հազար սածիլ: Ծնեբեկի սածիլները տնկում են իրարից 35-40սմ հեռավորությամբ և ծածկում են 10սմ հողաշերտով: