Արևածաղկի մշակում

1
Արևածաղկի մշակությունը
Արևածաղիկը (արևերթիկ, արևելած ծաղիկ, արևլան) աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ է։ Եվրոպացիներն առաջին անգամ այդ բույսը տեսան մեքսիկական պրերիաներում, երբ հայտնագործեցին Ամերիկան։ 400 տարի առաջ նրանք այն բերեցին Եվրոպա և անվանեցին «արևի ծաղիկ»։ Բուսաբան Ա․ Ցինգերը Ռուսաստանն անվանել է մշակովի արևածաղկի հայրենիք։
2
Նկարագրությունը
Արմատային համակարգն առանցքային է, հզոր, թափանցում է հողի մեջ մինչև 2,5 մ։ Ցողունը կանգուն է, կոպիտ, անհարթ, թավոտ, ոչ սնամեջ, բարձրությունը՝ 2,5-4,0 մ՛։ Տերևները խոշոր են, երկար կոթունով, ձվասրտաձև, սրածայր, ատամնաեգր, ներքևիևները՝ հակադիր, մանր, հաջորդները՝ հերթադիր, ավելի խոշոր։ Ծաղկաբույլը զամբյուղ է՝ միշտ դեպի արևն ուղղված (այստեղից՝ արևածաղիկ անվանումը), զամբյուղի եզրերին մեկ կամ մի քանի շարքով դասավորված են լեզվակավոր ծաղիկները, որոնք զրկված են սեռ. օրգաններից, չեն պտղաբերում, դեղնաոսկեգույն են, իսկ դեպի կենտրոն՝ խողովակաձև ծաղիկները, երկսեռ են և պտղաբերում են։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։ Պտուղը սերմնապտուղ է, սպիտակ, սև, մոխրագույն, սև՝ սպիտակ շերտերով։Ինչպես վեգետացիոն շրջանի տևողությունը, այնպես էլ ջերմության նկատմամբ նրա պահանջը կախված է տեղի հողակլիմայական պայմաններից, տեսակից։ Բույսի աճման համար նպաստավոր ջերմաստիճանը համարվում է 18-26°C-ը: Բարձր ջերմությանը բույսը վատ է դիմանում, բայց առանձին սորտերը լավ են տանում երաշտը, մինչև հողի խոր շերտերը թափանցող արմատների շնորհիվ։
3
Կիրառությունը
Լինում է յուղատու (47-50%), ուտելի և սիլոսային։ Սերմերից ստանում են ձեթ, որն օգտագործում են սննդի (պահածոյի, մարգարինի, հացաթխման, հրուշակեղենի և այլն) արդյունաբերության և օճառի, լաքերի-ներկերի արտադրության մեջ։ Արևածաղկի թափոնները (մղեղ, ցողուն, տերև, զամբյուղի մնացորդներ, սերմի կճեպ) օգտագործում են թուղթ, կաուչուկ, պոտաշ ստանալու համար։ Արևածաղկի քուսպը խտացրած լավորակ կեր է։ Արևածաղիկն ունի նաև բուժական նշանակություն, կասեցնում է կարծրախտի երևույթների զարգացումը, բարձրացնում արյունատար անոթների առաձգականությունն ու օրգանիզմի դիմադրողականությունը, կանխում լյարդի ճարպակալումը։ Մեղրատու է։ Արևածաղիկի յուղը պատկանում է բուսական լավագույն յուղերի թվին և համարվում է բարձր որակի սննդամթերքներից մեկը։ Սննդարար հատուկ արժեք են ներկայացնում յուղի մեջ պարունակվող գլիցերիդները, պալմիտինները, ստեարինները, լինոլեաթթուները, կարոտինոիդները և վիտամինները։ Արևածաղիկի յուղի մեջ գերակշռում են կենսաբանական մեծ ակտիվություն ունեցող չհագեցած ճարպաթթուները, որոնք կասեցնում են սկլերոզային երևույթների զարգացումը օրգանիզմում, կանխում լյարդի ճարպակալումը, բաձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների հանդեպ։