Եղինջը կծան խոտ, կճան մրմռուկ, աղինջ, դաղդղան, դարդահան, եղինջազգիների (Urticaceae) ընտանիքի միամյա և բազմամյա, եղինջ երկտուն (Urtica dioica L.), հազվադեպ՝ եղինջ այրող (Urtica urens L.) միատուն բույսերի ցեղ է։ Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է լեռնային, տափաստանային, անտառային գոտիներում, գետահովիտներում, խոնավ վայրերում, աղբոտում խոտհարքները և այլն։
Ցողունն ուղղաձիգ է, քառանիստ, բարձրությունը՝ 1,5-2 մ։ Տերևները հակադիր են, սրտաձև, ձվանշտարաձև, սղոցաեզր։ Ծաղկաբույլը հուրանաձև է, ծաղիկները՝ երկտուն (կամ միատուն), մանր, կանաչավուն՝ խմբված տերևանութներում։ Ամբողջ բույսը ծածկված է կոշտ և այրող գեղձամազիկներով։ Բազմանում է սերմերով։ Եղինջազգիների ընտանիքին պատկանող, 60-170 սմ երկարության բազմամյա խոտաբույս է։ Ունի ձվանշտարաձև, ատամնաեզր հակադիր տերևներ, որոնք, ինչպես և ցողունը, ծածկած են գեղձային այրող մազիկներով։ Վերջիններս՝ շփվելով մաշկի հետ, մխրճվում են նրա մեջ ու բեկվում, դրանով իսկ իրենց պարունակած թույնը (ուրտիցին, հիստամին, մրջնաթթուն) լցնում այնտեղ, առաջ բերելով ուժեղ այրոցի զգացում։ Ծաղիկները մանր են, միասեռ, կանաչ։ Պտուղը փոքր ընկուզիկ է, արմատը` սողացող ու ճյուղավոր։ Ծաղկում է հունիսից մինչև աշուն, պտղակալում` հուլիսից։ Բույսն աճում է ստվերոտ տեղերում, խոնավ անտառներում, թփուտներում, բացատներում, տնամերձ հողամասերում, ցանկապատի մոտ և այլուր, հաճախ տալով հոծ, անանցանելի բուսուտներ։ Եղինջը բազմանում է սերմերով և վեգետատիվ եղանակներով։ Վատ է տանում երաշտը, քիչ զգայուն է ցրտի նկատմամբ։