Ավելուկը (թրթնջուկ, թթվաշ) մատիտեղազգիների (հնդկացորենազգիներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի և թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 150, Հայաստանում՝ 12 տեսակ՝ ավելուկ սովորական (R. acetosa) կամ թթվաշ, ավելուկ գանգուր (R. crispus), ավելուկ ալպիական (R. alpinus), ավելուկ ավելուկանման (R. acetoselloides), թրթնջուկ փոքր (R. acetosella) և այլն։
Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, մերկ, ակոսավոր, կոպիտ, բարձրությունը՝ մինչև 120 սմ։ Ցողունները հասունանալուց հետո հաճախ ձողանման են դառնում, տերևներն ամբողջական են։ Ծաղիկները երկսեռ են, ավելի սակավ՝ միասեռ։ Պտուղը պատված է ծաղկապատի ներքին 3 մեծացած թերթերով։ Տերևները խոշոր են, հերթադիր կոթունավոր, գծաձև կամ նշտարաձև։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, հազվադեպ՝ միասեռ։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը եռակող սերմիկ է։
Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մարգագետիններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերիև, լեռնալանջերին, գետափերին, խոնավ վայրերում և այլն։ Աղբոտում է աշնանացան և գարնանացան մշակաբույսերի դաշտերը, խոտհարքները, արոտավայրերը։