Գարնանացան գարու համար լավ նախորդներ են հանդիսանում շարահերկ մշակաբույսերը՝ կարտոֆիլը, շաքարի և կերի ճակնդեղը, ծխախոտը, հատիկաընդեղենները, եգիպտացորենը, արևածաղիկը, միամյա խոտաբույսերից և ցելից հետո մշակված աշնանացանը, ինչպես նաև բազմամյա խոտաբույսերը (առվույտ, կորնգան):
Գարնանացան գարու հողի մշակումը սկսվում է խոզանի երեսվարից: Եթե նախորդը եղել է հասկավոր մշակաբույս, երեսվարը կատարում են 2 անգամ, 1-ը՝ անմիջապես բերքահավաքից հետո, 6-8սմ խորությամբ, 2-ը՝ 3-4 շաբաթ հետո: Եթե դաշտը վարակված է բազմամյա մոլախոտերով, 2-3 շաբաթ հետո կատարում են երեսվար՝ թևավոր երեսվարիչով կամ կուլտիվատոր-հարթահատիչներով, 12-14սմ խորությամբ: Խոզանի երեսվարից 2-3 շաբաթ անց նախագութանիկավոր գութաններով կատարում են խոր վար՝ 20-22սմ խորությամբ: Ցրտահերկի օպտիմալ ժամկետը սեպտեմբերի վերջն է և հոկտեմբերի առաջին կեսը: Եթե նախորդը եղել է շարահերկ մշակաբույս (կարտոֆիլ, ճակնդեղ, ծխախոտ), բերքահավաքից հետո պետք է կատարել 20-22սմ խորությամբ, իսկ եթե դաշտը զերծ է մոլախոտերից, կատարում են փխրեցում՝ 12-14սմ խորությամբ: Ցրտահերկը փոցխում են նաև վաղ գարնանը՝ ծանր ատամնավոր փոցխերով, հիմնական մշակության նկատմամբ ուղղահայաց կամ շեղակի ուղղությամբ: