Պարարտանյութերի կիրառումը բարձրացնում է ծլունակությունը, ուժեղացնում` թփակալումը, ցրտադիմացկունությունը, դիմացկունությունը հիվանդությունների նկատմամբ, բարձրացնում բերքատվությունը, մեծացնում է հասկերը և հատիկները, ավելացնում հասկում հատիկների քանակն ու կշիռը, լավացնում հատիկի քիմիական բաղադրությունը: Աշնանացանը պարարտացնում են երեք եղանակով` հիմնական պարարտացում (կիրառվում է հողի հիմնական և նախացանքային մշակության ժամանակ), շարային կամ ցանքակից, երբ պարարտանյութերը հող են մտցվում ցանքի ժամանակ` հատիկի հետ միասին և սնուցում, երբ պարարտանյութը տրվում է բույսերի աճման ժամանակ, որպես լրացուցիչ սնունդ: Նշված եղանակները մեկը մյուսին չեն կարող փոխարինել, նրանք լրացնում են իրար: