Բրնձի մշակում

1
Բրնձի մշակությունը
Բրինձը հիմնականում արտադրվում և սպառվում հարավարևելյան ասիայի երկրներում։ Այն հիմնական գյուղատնտեսական արտադրանք և սննդային անվտանգության երաշխիք է հանդիսանում այդ երկրների գյուղական բնակչության համար։ Բրնձի աճեցման գործով հիմնականում զբաղվում են 1 հա-ից պակաս հողակտոր ունեցող փոքր գյուղացիական տնտեսությունները։ Բրնձի աճեցման համար պահանջվում են հատուկ պայմաններ։ Աշխատանքները հիմնականում կատարվում են ձեռքով։
Բրնձի համաշխարհային արտադրության 95%-ը բաժին է ընկնում զարգացող երկրներին։ Միայն դրա կեսի արտադրությունն ապահովում են Չինաստանն ու Հնդկաստանը՝ միասին։
2
Նկարագրությունը
Ցողունը հասնում է 60÷150 սմ բարձրության։ Ծաղկաբույլը՝ հուրան, հասկիկները՝ միածաղիկ են, պտուղը՝ հատիկ, թեփուկավոր։ Տերևները բավականին լայն են, մուգ կանաչ, եզրերը՝ փշփշոտ։
Թեփուկներից մաքրված հատիկը պարունակում է 15% ջուր, մոտ 74% ածխաջրեր, մոտ 8% սպիտակուցներ, 0,4% ճարպեր, 2,1% թաղանթանյութ, 0,5% մոխիր։
3
Կիրառությունը
Հին ժամանակներում բժշկության մեջ բրինձը օգտագործվել է իբրև դիետիկ և բուժիչ միջոց։ Օգտակար է ստամոքսի, աղիքային հիվանդությունների դեպքում։ Բրնձի ալյուրից և դդմի հյութից պատրաստած շիլան օգտագործում են պեպենների և պիգմենտային բծերի հեռացման համար։
Սննդի մեջ բրնձի օգտագործումը նպաստում է մաշկի գույնի լավացմանը։ Սննդայնությունը ավելանում է, եթե այն պատրաստում են շաքարով և կաթով։ Բրնձի և սոյայի եփուկը հատիկավորների հետ օգտագործում են բրոնխիտը և բրոնխիալ ասթման բուժելիս։
Եփուկը խորհուրդ են տալիս մարսողական ուղու օրգանների քրոնիկ հիվանդությունների ժամանակ։ Բրնձի եփուկի մեջ ավելացնելով անանուխ և սոխ՝ գործածում են իբրև քրտնաբեր և ջերմությունն իջեցնող միջոց անգինայի, գրիպի, թոքաբորբի բուժման ժամանակ։
Բրինձը հեշտ է մարսվում, ինչի համար էլ այն բարձր է գնահատվում դիետոթերապիայի մեջ։ Բրնձի եփուկը և օսլան օգտագործում են աղեստամոքսային ուղու խանգարումների ժամանակ։ Բրնձի օսլան ավելի փափուկ է, քան կարտոֆիլի, ցորենի, եգիպտացորենի օսլաները։ Այն օգտագործում են որպես մանկական փոշենյութ։ Թեփից ստացած բրնձի յուղը բուժիչ քսուքների հումք է հանդիսանում, այն համարում են նաև լավ կոսմետիկ միջոց։ Արևելյան բժիշկները, այդ թվում՝ հնդկական, հնուց համոզված էին, որ բրինձը պաշտպանում է առողջությունը և պարգևում երկարակեցություն։