Վարունգի մշակում

1
Վարունգի մշակությունը
Վարունգը ջերմասեր բույս է, սերմերը ծլում են 12-13C ջերմության պայմաններում: Բույսը լավ է աճում, երբ ջերմությունը հասնում է 26-28C-ի: Հողի ջերմաստիճանը 10C-ից ցածր լինելու դեպքում արմատային համակարգը չի աշխատում, բույսերը դեղնում են: Վարունգը ցրտահարվում է 0C-ից ցածր պայմաններում:
Արարատյան հարթավայրում վարունգի ցանքը կատարում են ապրիլի 25-ից մինչև մայիսի 15-ը, նախալեռնային շրջաններում` հունիսի 1-10-ը: Արարատյան հարթավայրում վարունգը ցանում են 2 անգամ` գարնանը և ամռանը` նախորդ մշակաբույսի բերքահավաքից հետո: 2-րդ ցանքը կատարում են հուլիսի 15-20-ը: Վարունգը մշակում են լավ լուսավորված, արևոտ, թեթև օրգանական նյութերով հարուստ հողերում: Վարունգը սիրում է օրգանական պարարտանյութեր:
Կարևոր նշանակություն ունի սերմերի նախացանքային մշակությունը: Բոլոր շրջաններում վարունգը պետք է մշակել ջրովի տարածություններում, թմբերի վրա` ակոսներով: Ցանքը կատարում են թմբի մեկ և երկու կողմերից:
Երկու կողմից ցանելիս թմբի լայնությունը վերցնում են 1,2մ, իսկ ակոսինը` 70 սմ, միջբույսային հեռավորությունը` 30սմ: Եթե ցանվում է թմբի 1 կողմից, թմբի լայնությունը պետք է լինի 0,8մ, ակոսինը` 40սմ: Մանրապտուղ սորտեր մշակելիս շարքը շարքից` 70սմ, բույսը բույսից 20-25սմ: Երկու կողմից մշակելիս թմբի լայնությունը 80սմ, ակոսինը` 70սմ: Միջբույսային տարածությունը` 20-25սմ: Վարունգի սերմերը ցանում են չոր, թրջած և ծլեցրած վիճակում: Նախընտրելի են վերջին երկուսը: Ցանքը կատարում են նախօրոք ջրած, քեշի եկած հողում և մինչև ծլելը չեն ջրում: Երբ ակոսները պատրաստ են և հողը ջրած, նույն օրը սերմերը դնում են ծլեցման: Սերմը լցնում են տոպրակի մեջ, 1-2 ժամ դնում հոսող ջրի տակ, ապա խոնավ ավազի կամ թեփի մեջ, որտեղ ջերմաստիճանը պետք է լինի 20C-25C-ից ոչ պակաս: Երկու օրից սերմերը ծլում են և պատրաստ են ցանքին: Ցանքը կատարվում է 3-4սմ խորությամբ, յուրաքանչյուր բնում գցում են 2-3 սերմ:
Սերմերը ծածկում են հողով, ջրել պետք չէ: Ջրել անհրաժեշտ է այն դեպքում, երբ ցանքը կատարում են չոր սերմերով: Ցանքի նորման 1հա-ի համար կազմում է շուրջ 3-4կգ: 3-4 օրից ծիլերը սկսում են երևալ: Չծլած բները վերացանում են ծլեցրած սերմերով, ապա կատարում` նոսրացում, բնում թողնելով 2 բույս: Ծլելուց մինչև 4-5 տերևների առաջանալը ջրել պետք չէ: Այնուհետև ջրում են և քեշի ժամանակ կատարում վերջին նոսրացումը` բնում թողնելով 1 բույս, ապա քաղհանում են, փխրեցնում և կատարում խոր բուկլից: Բուկլիցի հետ մեկտեղ կատարում են գլխավոր ցողունի ծերատում: Մինչև ծաղկելը և նույնիսկ մինչև առաջին պտուղների կազմակերպելը չեն ջրում, եթե ջրում են` շատ չափավոր: Պտղաբերության շրջանում 3-4 օրը մեկ ջրում են: Ջրումները պետք է կատարել հով ժամերին, դանդաղ, հավասար ջրով, թույլ չտալով լճացումներ կամ վարար հոսք: Ծիլը երևալուց 30-40 օր հետո վարունգը ծաղկում է, ընդ որում գլխավոր ցողունի վրա սկզբում ծաղկում են արական, իսկ 7-8 օրից` իգական ծաղիկները: Բույսերի սնուցումը զուգակցում են ջրումների հետ` 8-10 օրը մեկ անգամ: Կապված սորտից, վարունգի բերքահավաքը կատարում են ծլումից 40-60 օր հետո: Սովորական ցանքից 2-3 շաբաթ շուտ բերք ստանալու համար, վարունգը կարելի է մշակել ջերմատներում կամ ջերմոցներում աճեցրած թաղարային սածիլներով: Սա մեծ նշանակություն ունի նախալեռնային և լեռնային գոտիների համար:
2
Վարունգի բերքահավաքը
Բերքը հավաքում են առավոտյան կամ երեկոյան` պտուղները պտղակոթի հետ միասին դանակով խնամքով կտրելով: Անհրաժեշտ է բերքը հավաքել հաճախակի, չթողնելով, որ պտուղները շատ մեծանան, քանի որ կկորցնեն որակը և կծանրաբեռնեն թուփը:
Բույսերի վրա միայն ոչ պտղաբեր ծաղիկներ են...
Հաճախ հարցնում են. ինչ անել, եթե վարունգի բույսերի վրա առավելապես արական՝ անպտղաբեր, ծաղիկներ են։ Անպտղաբեր ծաղիկների շատությունն ամենից առաջ ցանքը թարմ (նախորդ տարվա բերք), չտաքացվող սերմերով կատարելու, ցանքերը խտացնելու, դրանք ստվերոտ տեղերում բաշխելու հետևանք է։ Որպեսզի իգական ծաղիկները (սերմնարաններով) երևան, հարկավոր է գլխավոր ցողունի ծայրը ծերատել հինգերորդ, վեցերորդ տերևի վերևում։ Եթե այս պահը բաց է թողնված, ապա կարելի է գագաթը ծերատել՝ հաշվի չառնելով տերևների քանակը։ Դա կարագացնի կողային ցողունների աճը, որոնց վրա կառաջանան ավելի շատ իգական ծաղիկներ։ Մեծ սխալ են գործում այն բանջարաբույծները, ովքեր կտրում են անպտղաբեր ծաղիկները, հույս ունենալով, որ դրանից հետո կառաջանան ծաղիկներ՝ սերմնարաններով։ Արական ծաղիկները չպետք է պոկել որովհետև առանց այդ ծաղիկների հնարավոր չէ բեղմնավորությունը։ Չբեղմնավորված սերմնարանները դեղնում են և թափվում։ Հողի կարճատև ու թեթևակի չորանալը նույնպես արագացնում է սերմնարանների առաջացումը: Թեթևակի չորացման տևողությունը որոշվում է բույսերի վիճակով։ Թեթևակի թառամելը դա ջրելը վերականգնելու ազդանշան Է, որից հետո հարկավոր Է կատարել հերթական սնուցումը, իսկ բույսերի տակ նորից լցնել բերրի հող, որպեսզի սնունդով ապահովել նոր առաջացած բոլոր սերմնարանները։
Տաք եղանակին սնուցումը և ջրումը պետք է կատարել երեկոյան ժամերին: Եթե սնուցումը կատարվում է առավոտյան արևային եղանակին, ապա լուծույթը ընկնելով տերևների վրա, կարող է այրվածքներ առաջացնել։ Եթե լուծույթը թափվել է տերևների վրա, ապա անհրաժեշտ է ցնցուղով՝ ջրով, լվանալ։
3
Ինչո՛ւ է վարունգը դառը
Շատ սիրող բանջարաբույծներ հետաքրքրվում են վարունգի դառը լինելու պատճառի մասին։ Գիտությամբ հաստատված է, որ վարունգի դառնությունը պայմանավորված է նրա մեջ՝ պարունակվող կուկուրբիտացինի նյութով։ Այս նյութի պարունակությունը տարբեր է, նայած վարունգի սորտին, ինչպես նաև նրա աճեցման պայմաններին։
Հայտնի է, որ եթե բույսերի համար ոչ բարենպաստ պայմանների հետևանքով (խոնավության, արևի և սննդի պակաս, իսկ երբեմն էլ, ընդհակառակը, չափից ավելի բարձր ջերմաստիճանը չոր ու արևային եղանակին) պտուղների զարգացումը ձգձգվում է և փոշոտման պահից հաշված նորմալ 8-12 օրվա փոխարեն (ելնելով սորտից) ավելի մեծ ժամանակ է տևում, ապա այդպիսի պտուղները մեծ մասամբ դառն են լինում։