Սմբուկը ջերմասեր բույս է, սերմերը ծլում են 13C-ի պայմաններում, իսկ աճի, զարգացման համար լավագույնը 24C-28C-ն է: 15C-ից ցածր աճն ու ծաղկումը դադարում են, ցրտահարվում է 0C-ից -1C-ի պայմաններում: Սմբուկը պահանջկոտ է լույսի նկատմամբ, ստվերոտ պայմաններում լավ չի աճում: Պահանջկոտ է նաև հողի խոնավության նկատմամբ, պակասի դեպքում բույսը լավ չի աճում, ծաղիկները թափվում են, պտուղները` տձևանում:
Սմբուկը պահանջում է պարարտ, օրգանական նյութերով ապահովված, ստրուկտուրային, փխրուն հողեր: Ծլելուց մինչև բերքահավաքը տևում է 120-130 օր, պտղաբերության շրջանը երկար է` մինչև աշնան ցրտահարությունները: Սմբուկի սածիլման ժամկետները, ագրոտեխնիկայի հիմնական հարցերը համարյա նույնն են, ինչ լոլիկինը և տաքդեղինը։ Սմբուկը մշակում են հարթ մարգերով և լայնաշարք ակոսներով, վերցնելով շարքերի հեռավորությունը 50սմ, իսկ միջբուսայինը` 30սմ: 10 քառ․մ-ի համար պահանջվում է շուրջ 65-70 սածիլ: Կարևոր նշանակություն ունեն ժամանակին կատարված քաղհանն ու փխրեցումը: Վեգետացիայի ընթացքում սմբուկը քաղհանում են 3-4 և փխրեցնում` 2-3 անգամ: Սնուցումները նույնն են, ինչ լոլիկինը: Սածիլը տնկելուց 40-45 օր հետո բույսերն սկսում են ծաղկել և 15-20 օր հետո տալիս են առաջին պտուղները: Առաջին բերքահավաքը կատարվում է սածիլումից 65-70 օր հետո: