Եթե լոլիկը մշակում են առանց ծածկոցներ օգտագործելու, ապա սածիլումը Արարատյան հարթավայրի գոտում պետք է կատարել ապրիլի 20-ից, գարնանային ուշ ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո, իսկ նախալեռնային գոտում` մայիսի 15-ից հետո: Լոլիկի սածիլման համար պատրաստում են թմբեր և ակոսներ: Հնարավորության դեպքում, ավելի նպատակահարմար է սածիլներն աճեցնել տորֆաբուսահողային թաղարներում: Առավելությունը բարձր կպչողականությունն է, իսկ սածիլումից հետո աճի դադար տեղի չի ունենում, ստացվում է առավել բարձր ու վաղ բերք:
Լոլիկի մշակության ժամանակ առուների (ակոսների) լայնությունը վերցվում է 70սմ, իսկ խորությունը`15-20սմ: Առուների երկարությունը պետք է ընտրել այնպես, որ ջուրը հավասար ու դանդաղ հոսի: Թմբերի լայնությունը կարելի է վերցնել 90սմ և սածիլումը կատարել թմբի երկու կողմից: Միջբուսային տարածությունը վաղահաս սորտերի համար թողնել 20-25սմ, իսկ միջահասներինը`մինչև 30սմ: Թմբի մեկ կողմից սածիլման դեպքում միջշարային հեռավորությունը վերցնում են 70-80սմ, միջբուսայինը` 25-30սմ: Սածիլի պահանջը 1 հա-ի վրա վաղահաս սորտերի համար կազմում է 60000, իսկ միջահասների համար` 50000 հատ:
Սածիլումը կատարում են նախօրոք ջրած և քեշի եկած հողում: Բացվում են փոսիկներ (բներ)։ Սածիլումը կատարում են հով ժամերին: Սածիլման ավարտից հետո անմիջապես ջրում են թույլ շիթով այնպես, որ ջուրը սածիլները չծածկի: Սածիլումից 3-4 օր հետո, չկպած սածիլների տեղը անհրաժեշտ է լրացնել, նորից ջրել, ապա հողը քեշի գալուց հետո կատարել առաջին փխրեցումը`5-6 սմ խորությամբ, 10-15 օր բույսերը չպետք է ջրել: Երբ սածիլները սկսեն կանոնավոր աճել և մգանալ, անհրաժեշտ է սնուցել և ջրել, որից 2-3 օր հետո հողի քեշի վիճակում կատարել խոր բուկլից:
Հետագա ջրումները կատարվում են ըստ բույսի պահանջի: Արարատյան հարթավայրի պայմաններում, վեգետացիայի ամբողջ շրջանում պոմիդորը կարելի է ջրել 16-18 անգամ: Հետագա խնամքը` հողուրագով քաղհան-փխրեցումներն են և սնուցումներ: Քաղհան-փխրեցումները 7-8սմ-ից խոր չպետք է լինեն, որպեսզի չվնասվեն բույսի մազարմատները: Այս աշխատանքներով կազմակերպվում է պայքար մոլախոտերի դեմ և բարելավում հողի օդափոխությունն ու խոնավությունը: