Ցանքատարածությունների համար պետք է առանձնացնել ջրովի, հզոր վարելաշերտ ունեցող, թեթև ավազակավային հողեր: Հողի նախապատրաստումը սկսում են նախորդ մշակաբույսի վեգետացիայի ավարտից հետո, կատարելով խոզանի երեսվար` 5-6սմ խորությամբ: Դրանից 20-25 օր հետո կատարվում է ցրտահերկ` 25-30սմ խորությամբ, նախօրոք կատարելով հիմնական պարարտացում: Եթե այս աշխատանքը աշնանը չի կատարվել, ապա այն պետք է կատարել վաղ գարնանը: Վաղ գարնանը կատարում են նաև կրկնավար 16-18սմ խորությամբ, կամ կուլտիվացիա` 12-14 սմ:
Կարտոֆիլի առաջին միջշարային մշակությունը` կուլտիվացիան, կատարում են 8-10սմ խորությամբ, երբ դաշտը համատարած ծիլ է տվել (ծիլերի երկարությունը 5-8սմ է), երկրորդ քաղհան փխրեցման փոխարեն, մինչև բույսերի կոկոնակալումը կատարում են բուկլից, երրորդը` 13-15սմ խորությամբ, շարքերը փակվելուց առաջ: Միջշարային տարածությունների մշակությունների հետ միաժամանակ անհրաժեշտ է տալ սնուցումներ։