Գազարի սերմնաբուծությունը տարվում է երկու վեգետացիոն տարում: Առաջին տարում ստանում են սերմնացու արմատապտուղներ, որոնց մշակության տեխնոլոգիան նույնն է, ինչ պարենային ցանքերինը: Որպես սերմնակալ պետք է վերցնել 100-120գ քաշով, առողջ, լավ զարգացած և սորտին բնորոշ արմատապտուղները: Սերմնակալների փրերը մաքրելիս արմատապտղի գլխիկի վրա պետք է թողնել 1-1.5սմ երկարության տերևակոթեր, դրանք պահպանել 1.5-2.5C ջերմության և 70-80% խոնավության պայմաններում: Այն տնկվում է գարնանը` հարթ մարգերում, 60սմ միջշարքային և 30-40սմ միջբուսային հեռավորությամբ: Արմատապտղի գլխիկը պետք է հողի մակերեսին հավասար լինի: Սերմնակալների ծլումից հետո միջշարքային տարածությունները 10-15 օրը մեկ պետք է փխրեցնել և հեռացնել մոլախոտերը, մինչև շարքերի լցվելը: Վեգետացիայի ընթացքում սերմնադաշտը սնուցվում է երկու անգամ: Սերմերը հասունանում են տնկումից 4-4.5 ամիս հետո: Սերմնացու բույսերը հավաքվում են, երբ հովանոցները գորշանում են: Հավաքած բույսերը անհրաժեշտ է չորացնել (սերմերի խոնավությունը պետք է լինի 13%), կալսել, քամհարել, մաքրել և պահել չոր պահեստներում: